Դեպքը պատահեց տարիներ առաջ՝ երբ ես քսան տարեկան էի: Դա մի երկար ճանապարհորդություն էր. իմ ծննդավայրից՝ Դալլասից, (Տեխաս նահանգ), մեկնում էի Չարլևոիքս, (Միչիգան նահանգ)՝ մասնակցելու կլասիկ կիթառի դասընթացների: Մինչ ավտոբուսը անցնում էր տարբեր նահանգներով, ես բավական երկար ժամանակ մտածում էի՝ անթարթ նայելով մայրուղուն մոտ գտնվող ցորենի դաշտերին:
Մի պահ սկսեցի մտածել իմ կյանքի տարբեր ոլորտների ու ծավալած աշխատանքների մասին. արդյո՞ք դրանք պարզապես պատահական գործողություներ էին, թե միասին ինչ-որ մի բան էին նշանակում, արդյո՞ք որոշ բաներ ավելի կարևոր էին ինձ համար, քան մյուսները, արդյո՞ք իմ ժամանակը արժեքավոր խնդրիների վրա էի ծախսում, թե պարզապես վատնում էի այն՝ ջանք ու եռանդ չխնայելով մի բանի համար, որը երբեք էլ ինձ օգուտ չի տա:
Ես ուզում էի վերանայել կյանքս, ուզում էի ճիշտ օգտագործել այն: Հասնելով կյանքիս ավարտին՝ չէի ուզում ետ նայել ու զղջալ, որ զուր եմ ապրել այն, չէի ուզում կյանքիս վերջին րոպեներին ափսոսանքով նկատել, որ վատնել եմ այն՝ բաց թողնելով հույսերս ու երազանքներս կատարելու և նույնիսկ գերազանցելու ինձ ընձեռնված հնարավորությունները, որը կլիներ ոչ միայն իմ պարգևատրությունը, այլ գուցե և բարելավեր շատ ու շատերի կյանքն ու աշխատանքը նույնպես:
Եվ այսպես, սկսեցի դասակարգել իմ կյանքի գործունեությունները: Ուզում էի հասկանալ արդյո՞ք ճիշտ եմ օգտագործում ժամանակս, թե ոչ, պարզել, թե որոնք ավելի շատ ժամանակի և ուշադրության կարիք ունեին և որոնք գուցե և կարելի էր դուրս բերել իմ օրակարգից և կյանքից ընդհանրապես:
Քանի որ գործունեություններս շատացան, սկսեցին ձևավորվել նաև կատեգորիաներ, ըստ այդմ էլ ստացա յոթ կատեգորիա: Հետո, պարզելու համար, թե որոնք են ինձ համար ամենակարևորները, սկսեցի համեմատել դրանք:
Ահա թե ինչպես եմ մտածում:
Աստված պետք է լինի առաջինը. նա է արարել մեզ, նա է գրել կյանքի օրենքները: Հասկանալ Աստծուն՝ նշանակում է հասկանալ նաև կյանքը: Կյանքը Աստծո տեսանկյունից նայելը բերում է փոխըմբռնման: Նրան ճանաչելը և հասկանալը ամենակարևորն է: Այս ամենը ամրանավորված է Սուրբ Գրքում, որտեղ գրված է. §Դու ինձնից առաջ ոչ մի այլ աստված չպետք է ունենաս¦ և §Դու պետք է սիրես քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ ուժով¦: Սա առաջին պատվիրանն է:
Իր կարևորությամբ երկրորդ տեղում պետք է լինի իմ մարդկային տեսակն ու վարքագիծը: Ի վերջո իմ կյանքն իմ իսկ ընտրությունների արդյունքն է, և ես եմ պատասխանատու իմ ապրած կյանքի համար: Կարևորն այն է, որ հենց հիմա հասկանամ դա և դրանով էլ առաջնորդվեմ իմ հետագա քայլերում: Ես իմ ընտրությունները իմ անձից առավել եմ դասում, այդ իսկ պատճառով պիտի հնարավորինս անեմ՝ դառնալու ամենալավ մարդը, որ կարող եմ լինել, այն մարդը, ով ամենաշատը կհիացներ ինձ: Ինձ համար սկզբունքային է պատասխանատու լինել իմ իսկ քայլերի համար, արդյունավետ զարգացնել ու առաջ տանել ինքս ինձ: Ինչպես Հիսուս Քրիստոսն է ասել §Առաջինը գերանը քո աչքից հանիր, որպեսզի հստակ տեսնես և հանես փոքրիկ բիծը եղբորդ աչքից¦:
Մարդկային տեսակից հետո կան մի քանի կարևոր ոլորտներ ևս, սակայն ամենակարևորը ներառում է այլ մարդկանց: Քրիստոսն ասել է §և երկրորդը (պատվիրանը) … §Սիրիր քո հարևանին այնպես, ինչպես քեզ կսիրես¦¦: Համեմատելով մարդկային հարաբերությունները՝ առաջնայինը ընտանեկան հարաբերություններն են, որովհետև ես պարտական եմ նրանց իմ ծնունդով կամ ամուսնությամբ: Չկա ավելի պարտավորեցնող բան, քան որևէ մեկի հետ ծնունդով կամ ամուսնությամբ կապված լինելը: Օրինակ, երբ Հիսուս Քրիստոսը տանջամահ էր լինում խաչի վրա, նա ժամանակ գտավ Ջոնին հորդորելու, որ հոգ տանի իր մոր մասին: §Բայց եթե որևէ մեկը հոգ չի տանում իր հարազատների, հատկապես իր ընտանիքի մասին, ուրեմն նա մերժում է հավատքը, և նույնիսկ ավելի վատն է, քան անհավատը¦:
Ընտանիքից հետո գալիս է այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Այն ներառում է ընկերների, իշխանություն և հեղինակություն ունեցող մարմինների, ինչպիսիք են գործատուները, հոգևոր առաջնորդներն ու կառավարական պաշտոնյաները, ինչպես նաև ծանոթների և այլ մարդկանց հետ փոխհարաբորությունները:
Մարդկանցից հետո վերջին երեք կարևոր ոլորտներն են առողջությունը, աշխատանքն ու ֆինանսը: Սրանցից առաջնային է առողջությունը, քանի որ նախ պետք է առողջ լինես, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքդ: Եթե վատառողջ ես, ի վիճակի չես լինի կատարել քո աշխատանքային պարտականությունները:
Վերջապես, գոյություն ունեն նաև ֆինանսական պարտականություններ, որոնք կարևոր են, սակայն ոչ առաջնային: Դրանք կյանքին իմաստ կամ նպատակ չեն տալիս, ինչպես աշխատանքն է անում, այլ պարզապես օգնում են մեզ, որպեսզի հասնենք մեր նպատակներին:
Ահա և իմ կարծիքով մեր կյանքի բոլոր պարտականություններն ու գործունեությունները համախմբվում են այս յոթ կատեգորիաների մեջ, և երբ դրանք արժևորվում են, ստանում են հետևյալ տեսքը.
1. Աստված՝ ներառելով հոգևորականությունն ու հավիտենականությունը: Այս կատեգորիան առնչվում է Աստծուն հասկանալու հետ և հավերժական, գերբնական ու հոգևոր թագավորության մեջ գտնվող կյանքի հետ:
2. Մարդկային էություն, որն իր մեջ ներառում է անձի զարգացումը և ինքնության բացահայտումը. ո՞վ եմ ես, իմ ընդունակությունները, անհատականությունը, իմ վարքագիծը, նախասիրությունները, ընտրությունները և նույնիսկ իմ մտքերը:
3. Ընտանիք, որն իր մեջ ներառում է ամուսնական, ծնողական և այլ ընտանեկան հարաբերությունները:
4. Ընկերներ, ծանոթներ և իշխանություններ. սա շատ լայն կատեգորիա է, որն առնչվում է ընտանիքից դուրս բոլոր տեսակի մարդկային հարաբերությունների հետ: Այն ներառում է ամեն ինչ՝ սկսած անծանոթների հետ պատահական հանդիպումներից, ծանոթների հետ հարաբերություններից՝ մինչև ընկերներ և իշխանական մարմիններ: Ես համոզված եմ, որ եթե ամեն մի ծանոթություն դիտարկենք որպես դրական իրադարձություն, ապա ավելի լավ կհասկանանք ընկերների, իշխանական մարմինների և նույնիսկ անծանոթների հետ հարաբերությունների կարևորությունը:
5. Առողջություն, որը ներառում է ֆիզիկական առողջության բոլոր կողմերը, ինչպես նաև առողջ սնունդ և ֆիզիկական վաժություններ:
6. Աշխատանք, նպատակ և ուղի: Սա ներառում է այն ամենը, ինչ կյանքին իմաստ է տալիս, պատճառ է հանդիսանում, որ ամեն առավոտ արթնանանք: Դրանք են աշխատանքը, նախասիրությունները, ստեղծագործական և արտիստիկ ջանքերը:
7. Ֆինանսներ և ունեցվածք: Այս կատեգորիան առնչվում է գումարի, տների, փոխադրման միջոցների և այլ նյութական արժեքների հետ: Սրանք ավելի կարևոր նպատակների իրագործման համար շահագործվող ռեսուրսներ են, և ոչ թե նպատակներ:
Եթե դու նույնպես ժամանակ հատկացնես այս ամենի մասին մտածելու համար, գուցե դու ևս նկատես, որ քո կյանքում ևս ամեն ինչ համախմբվում է վերը նշված կատեգորիաների մեջ:
Իսկ ի՞նչ ես կարծում դու, համաձա՞յն ես ինձ հետ, թե ոչ, դա կարևոր չէ: Երբևէ մտածե՞լ ես կանգ առնել, թողնել կյանքի եռուզեռն ու իսկապես մտածել քո կյանքի արժեքների ու կարևորությունների մասին: Իմ այս հոդվածի նպատակն է՝ հորդորել քեզ խորհել քո կյանքի մասին: Արդյո՞ք ճիշտ ուղղի ես ընտրել, թե՞ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ: Ամեն մի վայրկյանը, որ անցնում է մեր կյանքից, շատ ավելի արժեքավոր է, քան մենք ենք կարծում: Ապրիր խելացի, բարեկամս:
Հաջորդը: Առաջնայինը Պահել Առաջնային

