Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ

«Բորնի ինքնությունը» ֆիլմում կա մի տեսարան, որն իսկապես ապշեցրել է ինձ և այդ վարկյանից ի վեր տպվել է հիշողությանս մեջ: Ֆիլմի մի դրվագում Ջեյսոն Բորնը նկատում  է, որ ոստիկանությունը հետապնդում է իրեն: Այդ պահին, վայրկենական որոշում կայացնելով, նա ցած է նետում իր ատրճանակը և արագ հեռանում է` մնալով անզեն:

Այդ կարճ տեսարանն ինձ ապշեցրեց, որովհետև այդ որոշումը նա կայացրեց մեկ վայրկյանում կյանքի և մահվան պայքարում, ու հեռացավ առանց ետ նայելու: Այդ պահին նա մի կողմ նետեց հարյուրավոր դոլարներ արժեցող ատրճանակը իմանալով, որ մնալու է անզեն: Նա պարզ ու հստակ հասկացավ, որ այն, ինչը անցյալում իր համար արժեքավոր էր և նույնիսկ կենսական նշանակություն ուներ, այժմ դարձել էր խոչընդոտ: Եթե իր հետ վերցներ ատրճանակը, դա միայն արգելք կդառնար իր ճանապարհին:

Այժմ, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ մեզ համար կենսական նշանակություն ունի թողնել այն ամենը, ինչը կխանգարի հասնել մեր նպատակների իրականացմանը: Դա կարող է լինել նույնիսկ այն, ինչը մինչ օրս օգնել է մեզ հասնել այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա: Նույնիսկ եթե այն արժեքավոր է, միևնույն է, եթե դա մեզ չի օգնելու առաջիկա ճանապարհին` պետք է առանց վարանելու մի կողմ նետենք և շարժվենք առաջ: Հակառակ դեպքում դա կարող է բեռ դառնալ մեզ համար:

Աստվածաշնչում գրված է.

«Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան կասեմ. մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ֆիլիպպեցիս, գլուխ 3)։

Այն, ինչ մեզանից առաջ է գտնվում, այնպիսի անգնահատելի արժեք ունի, որ պետք է ամբողջությամբ խավարեցնի անցյալի մասին մտահոգությունները: Ինչպես Հիսուս Քրիստոսն է ասել` «Դու իմ հետևից եկ, և թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» (Մատթեոս 8:22):

ՀԻՇԵՔ ՂՈՎՏԻ ԿՆՈՋԸ

Շատ տարիներ առաջ Ղովտը իր ընտանիքի հետ ստիպված եղավ լքել իրենց տունը և առանց ետ նայելու գնալ դեպի անհայտ ապագան: Այլևս ժամանակ չկար մտածելու այն իրերի մասին, որոնք շրջապատել էին իրենց դեռևս մի քանի օր առաջ: Սակայն, հրատապ հեռանալու պահին Ղովտի կինը չի կարողանում առանց ետ նայելու մի կողմ թողնել անցյալի իրերը և հեռանալ, ինչի հետևանքով նա դարձավ աղի սյուն … բառացիորեն: Մենք նույնպես դառնում ենք աղի սյուն փոխաբերական իմաստով` չկարողանալով շարժվել առաջ, եթե ի վիճակի չենք անցյալում մեզ համար արժեք ներկայացնող և կենսական կարևորություն ունեցող իրերը նետել մի կողմ և հեռանալ հանուն մեր մեծ նպատակի, որն ունենք մեր առջև:

Ինչպես Րիք Ջոյներն է ասել` «Եթե մենք դեռ ետ ենք նայում, ապա պատրաստ չենք առաջ շարժվել»:

Խոսելով մեր օրերի մասին` Քրիստոսը հիշեցրել է մեզ Ղովտի կնոջ օրինակը.

«Այդ օրը նա, ով տանիքի վրա է, բայց նրա կահ-կարասին տան մեջ է, թող ցած չիջնի՝ վերցնելու, և ով դաշտում է, թող նա էլ ետ չդառնա։ Հիշե՛ք Ղովտի կնոջը։ Ով որ ջանա պահպանել իր հոգին, կկորցնի այն, բայց ով որ կորցնի, կենդանի կպահի այն»:

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ԴԱ ԿՅԱՆՔՈՒՄ

Գործնական իմաստով դա նշանակում է կարգի բերել մեր կենսական տարածքը: Մեզանից պահանջվում է անթիվ անհամար կանոնակարգումներ անել, սակայն դա արժե անել հանուն այն պարգևի, որ պետք է ստանանք դրա դիմաց: Ինչ վերաբերում է մեր իրերին, նշանակում է պետք է ազատվենք այն ամենից, որոնք ապագայում որևէ գործնական արժեք չեն ներկայացնելու: Պետք է պահել այն իրերը, որոնք զգացմունքային արժեք են ներկայացնում, օրինակ պապիկի գրպանի դանակը: Սակայն այն ամենը, ինչ չի կարող օգնել առաջ ընթանալ, պետք է անհապաղ հեռացնել մեր կենսական տարածքից: Եթե իրն արժեքավոր է, կարելի է վաճառել այն, իսկ եթե ոչ` նվիրել ինչ-որ մեկին կամ պարզապես դեն նետել:

Վերջերս մի երազ տեսա. իմ հին օրագիրը տարել էի դպրոցի ավարտական միջոցառմանը: Այդ ընթացքում դուրս գնացի: Երբ վերադարձա, օրագիրս կորել էր: Ոչ մի տեղ չէի կարողանում գտնել այն: Երազն ավարտվեց հենց որ նայեցի հերթի մեջ կանգնած մարդկանց, որոնք չէին շարժվում: Շարքում կանգնած տղաներից մեկի ձեռքում իմ օրագիրն էր: Նա թեքվեց դեպի ինձ և սկսեց հիշեցնել անցյալիս զվարճալի պահերը:

Օրագրում զետեղված էին անցյալիս լավ և վատ հիշողությունները: Սկզբում խուճապի մատնվեցի, բայց հետո սկսեցի մտածել և հասկացա, որ իրականում ես երբեք էլ չեմ թերթել իմ օրագիրը: Այն պարզապես տեղ էր զբաղեցնում պահարանում: Իրականում, դա այդքան էլ մեծ կորուստ չէր լինի, եթե իսկապես կորցրած լինեի օրագիրս: Սակայն դա մեծ ողբերգություն կլիներ այն մարդկանց համար, ովքեր դեռ շարունակում են ապրել անցյալով՝ առանց առաջ նայելու, կարծես թե խրված են մի հերթի մեջ, որը երբեք էլ առաջ չի շարժվում։

Երազի իմաստը ոչ թե օրագիրը նետելն էր, այլ` անցյալը մի կողմ թողնելը և ամբողջ սրտով գերագույն նպատակի վրա կենտրոնանալը:

Կյանքը կարգի բերելը նաև նշանակում է դուրս մղել բոլոր այն գործերը, որոնք պարզապես վատնում են մեր ժամանակը։ Այն կարճ ժամանակը, որ մնացել է ապրելու համար իսկապես արժեքավոր է, և այն պետք է հաշվի առնել։

Վերջերս աղոթելու ընթացքում կարծես զգացի, թե ինչպես Աստծո ոգին ինձ հաղորդեց այդ բառերը: Ես բնականաբար այնքան հզորություն չեմ տալիս մարգարեական բառերին, որքան տալիս եմ Սուրբ Գրքին, սակայն կարծում եմ այս բառերի մեջ ինչ-որ իմաստություն կա։

«Կյանքումդ դեռևս խառնաշփոթ է: Ժամանակդ և էներգիադ թալանվում են այնպիսի բաների կողմից, որոնք հավերժության համար կարևոր չեն: Ուշադիր եղիր: Վստահ եղիր, որ ամեն վայրկյանին արված քայլդ լավագույնն է, որ կարող ես անել քեզ տրված ժամանակի ընթացքում՝ հավերժական կարևորության, հավերժական պարգևների և հավերժական ազդեցության առումով»:

ՄԱՐԴԻԿ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Ավելորդ իրերից ազատվել չի նշանակում ազատվել մարդկանցից ևս: Շատերս սխալվում ենք կարծելով, որ պետք է հեռացնել մարդկանց մեր կյանքից, եթե գտնում ենք, որ նրանք խոչընդոտում են մեր առաջընթացին կամ հետ են պահում մեզ: Հիսուսը, որը մեզ համար օրինակ է ծառայում, երբեք ոչ ոքից չի հրաժարվել, երբեք ոչ ոքի չի հեռացրել իր կյանքից: Նա խոստացավ, որ երբեք և ոչ մի դեպքում մեզ չի լքի: «Նա այն ընկերն է, ով եղբորից ավելի մտերիմ է» (Առակաց 18:24):

Եթե որևէ մեկը պատճառ է ունեցել ինչ-որ մեկին իր կյանքից հեռացնելու, ապա դա Հիսուսն է: Նույնիսկ այն պարագայում, երբ հենց սկզբից Հիսուսը գիտեր, թե ով է դավաճանելու իրեն, Նա երբեք Հուդային չհեռացրեց իր կյանքից, փոխարենը պահեց նրան իր ընտրած տասներկու առաքյալների թվում և, նույնիսկ, նրան վստահեց խմբի գանձապահը լինելու պարտականությունը: Իմանալով, որ Հուդան դավաճանելու է և տանելու է Իրեն դեպի մահ Հիսուսը սիրեց նրան մինչև վերջին վայրկյանը: Նա երբեք չթողեց Հուդային և չհեռացրեց իր կյանքից: Ի վերջո, նրանց ճանապարհները բաժանվեցին, երբ Հուդան հեռացավ Հիսուսից և դավաճանեց Նրան:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆՆԵՐ ԼԻՆԵՆ

Ինչպես ասում են` երբեմն անհրաժեշտ է սահմաններ գծել այնպիսի մարդկանց միջև, ովքեր կարող են փորձել օգտագործել մեզ կամ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ: Ես նույնիսկ ստիպված եմ եղել որոշ մարդկանց ասել, որ այլևս երբեք ճանապարհ չեմ կիսի իրենց հետ, բայց նույնիսկ այդ պարագայում, եթե իրենք իմ կարիքը զգան, ես օգնության ձեռք կմեկնեմ իրենց:

Մարդիկ, ովքեր հավատացած են, որ բարդ մարդկանց պետք է հեռացնեն իրենց կյանքից, անհեռատես են: Նրանք չեն գիտակցում, որ Աստված նմանատիպ մարդկանց իրենց կյանք է բերել իրենց իսկ զարգացման և առաջընթացի համար: Եթե սովորենք բարդ մարդկանց և բարդ իրավիճակների հետ վարվելու կանոնները այնպես, որ Աստծոն հաճելի լինի, ապա այդ պարագայում մենք կզարգանանք և կառաջադիմենք` դառնալով ավելի հասուն և պատասխանատու:  Կյանքի տարբեր իրավիճակները կարծես Աստծո կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներ են մեզ համար: Եթե մերժենք այդ բարդ մարդկանց ու բարդ իրավիճակները, ապա ինքներս մեզ կոչնչացնենք, ինչպես երեխաները Իսրայելի անապատում, որ այս ու այն կողմ են գնում և այդպես էլ չեն գտնում այն, ինչ Աստված էր խոստացել:

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

Վազորդները, ովքեր լրջորեն տրամադրված են հաղթել մրցավազքում, ամեն ինչի պատրաստ են իրենց արագությունը էլ ավելի մեծացնելու համար: Նրանք կհրաժարվեն կրել կամ վերցնել այնպիսի իրեր, որոնք կարող են ազդել իրենց արագության վրա և նվազեցնել հաղթելու հավանականությունը: Այս ատլետների նման, մենք ևս մրցավազքի մեջ ենք: Սա կյանքի և մահվան հետևանքներ կրող մրցավազք է այն մարդկանց համար, ում կյանքի վրա կարող ենք ազդեցություն ունենալ: Հանուն մեզ և իրենց, չենք կարող տանել իրեր, որոնք կդանդաղեցնեն մեզ կամ կխանգարեն հաջողությամբ ավարտել մրցավազքը:

Մի հին ասացվածք կա, որն ասում է. «Լավը լավագույնի թշնամին է»: Դա մեր օրերում կարող է ավելի ճիշտ լինել, քան երբևէ: Մենք իսկապես ժամանակ չունենք վատնելու  այնպիսի երևույթների վրա, որոնք մեր իսկ ժամանակից և էներգիայից ավելի քիչ կարևորություն ունեն: Մենք, թերևս, պետք է հրաժարվենք շատ ու շատ « հաճույքներից» օգտվելուց, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է:

«Սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոսներ 90:12):

Կոչ եմ անում.

Մոռանալ այն ամենը, ինչն արդեն անցյալում է,

Առաջ նայել` կենտրոնանալով առաջ տանող ուղղու վրա,

Դեն նետել այն ամենը, ինչը խոչընդոտում է, ծանրացնում ու ցած է քաշում կամ շեղում է քեզ գերագույն նպատակից:

Աչքդ պահիր մրցանակի վրա:

«Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմություն ունինք մեզ շրջապատած, դեն գցենքամեն ծանրություն, և մեզ պաշարող մեղքը. Եվ համբերութեամբվազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը:Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որիր առաջին դրվածուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12:1-2):